Մարությանը ներկայացրել է նորակառույց սքեյթ-պարկը և շների զբոսայգին

Մարությանը ներկայացրել է նորակառույց սքեյթ-պարկը և շների զբոսայգին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Օղակաձև այգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսայգին:

Նա նշել է, որ ընդամենը երկու տարի առաջ այգին անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և ապօրինի այլ շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդը, ըստ էության, կանգնած էր վերացման վտանգի առաջ:

Երևանի քաղաքապետարանը սկսել է աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով:

Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար, ազատվել է ապօրինի շինություններից, բետոնից մաքրվել ու կանաչապատվել է մոտ 50,000 քմ տարածք, թարմացվել են ծառերը, տնկվել է 8600 ծաղիկ, հիմնվել է ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվել նոր լուսավորության ցանց։

Ներդրվել է ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, այգին սալիկապատվել է նոր մոտեցմամբ և առանձնացվել են հեծանվուղիներ:

Հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։

Մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:

Այգու տարածքում կառուցվել է երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների համար նախատեսված առաջին պարկը: Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսականաջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---