ԱԺ նախագահի խոսնակ․ Անհասկանալի է՝ ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին

ԱԺ նախագահի խոսնակ․ Անհասկանալի է՝ ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՄԻՊ Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարությանը, նշել է, թե անհասկանալի է՝ ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին։

Նա ասել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեկտեմբերի 7-ին տարածված գաղտի նկարահանված տեսանյութը տարընթերցումների ևս մեկ առիթ է տվել:

«Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021-ի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը:

Դեկտեմբերի 7-ին տարածված տեսանյութում երիտասարդը հետաքրքրվում է Ալեն Սիմոնյանի կողմից սեպտեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկից և Սիմոնյանն էլ պատասխանում է հենց դրան:

«Հարց. Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասե՞ր, ուզում եք ասել, որ էդ ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել։

Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը (նկատի է առնվում պատգամավոր Աննա Մկրտչյանին) արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել, որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետք ա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային և ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են և իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետք ա… չեք նկարում չէ… պետք ա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) նստել նկարագրում ա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչու ա ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում...»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Խոսնակը կրկին նշել է, որ զեկույցը և դրանում ներկայացված փաստերը, ԱԺ նախագահի կողմից երբևէ չեն դրվել կասկածի տակ:

Ծովինար Խաչատրյանը հիշեցրել է, որ ԱԺ նիստից հետո Aysor.am կայքի լրագրողի հարցին, թե ում էր ուղղված Ալեն Սիմոնյանի հնչեցրած ռեպլիկը, ՄԻՊ-ի խոսնակը համամիտ է եղել իր մեկնաբանությանը, որ ռեպլիկն առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին։

«Այնուամենայնիվ շնորհակալություն ՄԻՊ-ին և իրավապաշտպաններին համատեղ հայտարարության մեջ առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելն անթույլատրելի համարելու համար»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը համատեղ հայտարարությամբ բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում են զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ այդ ամենն Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս հայ գերիների իրավունքների:

 Ուշագրավ
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
Նա ասել է նաև, որ ՀՀ-ն ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ
---