Առաջարկ. Բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը

Առաջարկ. Բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին։

Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել 2 ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ ապօրինի կառույցների օրինականացման գործընթացում մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու։

«Բայց, քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունների սեփականատեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու ամբողջը քանդվի, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսվում է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,– ասել է նախարարը:

Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար: Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025-ի հունվարի 1-ը։

Անդրեասյանը նշել է, որ օրինագծով նաև խստացվում է այն համայնքների ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի համայնքային ու պետական հողերն ապօրինի շինություններից ազատելու ուղղությամբ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս պահին նման օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը:

«Կարծում եմ, մի նրբություն կա, որը ոչ երկրորդական նշանակություն ունի այս քայլին գնալու համար: Դա այն է, որ Կադաստրի կոմիտեն իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ: Արդյունքում՝ կունենանք ՀՀ X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ: Մենք խնդիր ունեինք, մի X պահի ֆիքսել, որ սրանք են Հայաստանում գոյություն ունեցող կառույցները, և այլևս որևէ նոր կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել»,-ասել է վարչապետը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ դաշտային ամբողջ աշխատանքները 100 տոկոսով ավարտված են:

«Մոտավորապես 1-2 ամսվա աշխատանք ունենք դեռևս կատարելու և վերջնական արդեն կունենանք: Բայց նկարահանումները, դաշտային աշխատաքնները 100 տոկոսով ավարտված են»,-ասել է Թովմասյանը:

Փաշինյանն անդրադարձել է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված շինություններին օրինականացնելու իրավունք տալու հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է դա կարող է մարդկանց դրդել մինչ այդ ապօրինի շինարարություններ անել:

Քննարկման արդյունքում որոշվել է գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար օրինագծերի փաթեթը ճանաչել անհետաձգելի և ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ու ընդունելու համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---