«Սասնա ծռերից» Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

«Սասնա ծռերից» Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր 1» գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանը մեղավոր է ճանաչվել ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության համար և դատապարտվել ազատազրկման՝ 25 տարի ժամկետով։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մասամբ բավարարել է դատախազի բողոքը, այն է՝ մասնակի բեկանել «Սասնա ծռեր 1» գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 25 տարի ժամկետով։ Մինչև դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի կալանավորումը, վերջինս կալանավորվել է հենց դատական նիստերի դահլիճում, գրում է «Փաստինֆոն»։

Մյուս ամբաստանյալների մասով դատավճիռը մնացել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը մերժել է դատավճռի դեմ պաշտպանների բողոքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։

Երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր ու ճանաչվել անպարտ։

Բիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք պահելու, կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթելու և առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու համար։ Նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի 11 ամիս ժամկետով ու ազատ արձակվել նիստերի դահլիճից՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---