ԵՊՀ գիտխումբը մանրէի նոր տեսակ է հայտնաբերել

ԵՊՀ գիտխումբը մանրէի նոր տեսակ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի (Anoxybacillus Karvacharensis) և վավերացվել միջազգային մակարդակով:

Գիտական խումբը, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է Հայաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ մանրէների կազմի հետազոտություններով և փորձում գտնել դրանց հնարավոր կիրառությունը տնտեսության ամենատարբեր ճյուղերում:

Այս ընթացքում գիտական խումբը հայկական երկրաջերմային աղբյուրներից մեկուսացրել է թերմոֆիլ մանրէների բազմաթիվ տեսակներ, որոնք կարևոր են ոչ միայն կենսաբազմազանության վերծանման, այլև մեծ հեռանկարներ են բացում կենսատեխնոլոգիայում կիրառման տեսանկյունից՝ սկսած գարեջրի արտադրությունից մինչև կորոնավիրուսի հայտնաբերման համար կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայում:

Ըստ Փանոսյանի՝ խմբի անդամներին հաջողվել է Արցախի Քարվաճառի հայտնի երկրաջերմային աղբյուրից մեկուսացնել և նույնականացնել թերմոֆիլ էնդոսպոր առաջացնող մանրէի՝ գիտության համար նոր տեսակ, որը կոչել են տեղանքի անունով՝ Anoxybacillus Karvacharensis:

«Այդ ուղղությամբ հետազոտությունները սկսվել են դեռևս 2011-ից: Թեպետ նշված աղբյուրը ներկայումս հասանելի չէ հայ հետազոտողներին, բայց մինչ այդ խմբի անդամները լայնածավալ հետազոտական աշխատանքներ են կատարել՝ պարզելու աղբյուրի մանրէաբանական կազմը»,- ասել է ԵՊՀ դոցենտը:

Գիտնականը նշել է, որ մանրէն անվանակոչվել է՝ համաձայն Մանրէների անվանակոչման միջազգային կոդեքսի և ներկայացվել ոլորտի ամենահեղինակավոր ամսագրում (IJSEM) տպագրության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---