Ավանեսյան․ Չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը նույնը լինի

Ավանեսյան․ Չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը նույնը լինի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակի մասին, ասել է, որ չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Ավանեսյանն ասաց, թե աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - ասել է նախարարը։

Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի գնման համար։ Նախատեսվում է 200,000 դեղաչափ ներկրել, որը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---