Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի կառուցման համար $226 մլն կպահանջվի

Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի կառուցման համար $226 մլն կպահանջվի

PanARMENIAN.Net - Երևան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի մոտ 226 մլն դոլար։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)»,– ասվում է գերատեսչության պատասխանում։

Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։

Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ հավելյալ ենթակառուցվածքների ստեղծման ու նախագծի ճշգրիտ արժեքին հնարավոր կլինի անդրադառնալ կառուցվելիք երկաթգծի համար տեխնիկատնտեսական հիմնավորման անցկացման դեպքում։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։

Դեկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում և Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ միջնորդների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---