Վարդենիսի նորընտիր համայնքապետը բակում է երդվել․ Ոստիկանները թույլ չեն տվել շենք մտնել

Վարդենիսի նորընտիր համայնքապետը բակում է երդվել․ Ոստիկանները թույլ չեն տվել շենք մտնել

PanARMENIAN.Net - Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը տեղի է ունեցել համայնքապետարանի շենքի բակում, քանի որ ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել նորընտիր համայնքապետին և ավագանու անդամներին մուտք գործել շենք:

Խաչատրյանի խոսքով՝ համայնքը միասին են շենացնելու, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,–ասել է Խաչատրյանը։

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը րագրողների հետ զրույցում ասել է , որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիս համայնքի բնակիչների հետ, գրում է «Փաստինֆոն»։

Նրա արձանագրմամբ` դեկտեմբերի 30-ին ավագանու նիստը կայացել է օրենքի սահմաններում, որը ՔՊ-ական ավագանիները փորձում էին խոչընդոտել, միջամտում էր կառավարությունը, ոստիկանական զորքերը։

Ավելի վաղ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատուրյան» խմբակցություններին առաջարկել էր վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել։ Վերջինս պնդել է, թե ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին խաբել են, իբր աջակցում են «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի ձայներ ստանան:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր խմբակցություններն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ի Վարդենիսի ավագանու նիստի ժամանակ, թեև ՔՊ-ն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել համայնքապետի ընտրությանը, բայց ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները՝ 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---