Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին հայտնել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտումների մասին

Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին հայտնել է Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտումների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 11-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, և այս ձևաչափում աշխատանքների լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին: Նախարար Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Կողմերն անդրադաձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերի:

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---