Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ գծով բանակցությունների լիարժեք վերսկսումը

Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ գծով  բանակցությունների լիարժեք վերսկսումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության և անվտանգության հաստատմանը: Կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայտարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հունվարի 17-ին ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս էր հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին» այնուամենայնիվ կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ հարցը, նրա կարծիքով, փակված է: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, կարծում է, որ խնդիրը չի վերացել և բազմիցս կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո միջնորդներին ոչ մի անգամ չի հաջողվել այցելել Արցախ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---