Օհանյան․ Հակառակորդը պետք է միակողմանի հետ քաշվի ՀՀ այն հատվածներից, որտեղ մխրճվել է

Օհանյան․ Հակառակորդը պետք է միակողմանի հետ քաշվի ՀՀ այն հատվածներից, որտեղ մխրճվել է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշման առաջարկին, ասել է, որ հակառակորդը պետք է միակողմանի հետ քաշվի ՀՀ այն հատվածներից, որտեղ մխրճվել է: Նա հավելել է, որ հայկական կողմն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի:

«Ի՞նչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում: Որտե՞ղ՝ ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը երբևէ չի համաձայնվի հայելային հետքաշմանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, նրանք հանցագործություն են իրականացրել ՀՀ և ԱՀ հանդեպ: Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման խնդիրները լուծելու համար հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարություններից խառը հանձնաժողով, որն աշխատանքներ տանի ճշգրտումներն իրականացնելու համար։

«Ադրբեջանը հիմա մեր համար հարևա՞նն է իր հոխորտանքներով, երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, սադրանքներով, լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունը: Միայն լիարժեք, խորաթափանց քննարկումից հետո կարելի է որոշել, թե որտեղ ինչպես պետք է անցի սահմանը, իսկ այս պարագայում հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են»,-ասել է նա:

Խոսելով ՀԱՊԿ գործունեության մասին՝ Օհանյանն ասել է, որ մինչև 44-օրյա պատերազմը, նույնիսկ ամոթ էր միանգամից դիմել ՀԱՊԿ-ին հայ-ադրբեջանական սահմանին, շփման գծում սադրանքների դեպքում, քանի որ Հայաստանի Զինված ուժերն ի վիճակի էին իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել ու իրականացրել են հստակ:

«Այլ իրավիճակ է հիմա: Ակնհայտ է, որ միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել, պետք է այդ դեպքում լուրջ բանակցել նաև ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Օհանյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթը Բաքվին ներկայացրել են գրավոր և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։ Նա ասել է, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնել է Գրիգորյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---