Թորոսյան․ Նախագահական մոդելին վերադարձի հարց օրակարգում չկա, չեմ կարծում` լինի

Թորոսյան․ Նախագահական մոդելին վերադարձի հարց օրակարգում չկա, չեմ կարծում` լինի

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, ասել է, թե չի կարծում, որ նախագահի հրաժարականը որևէ կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ։

«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ավելի ժողովրդավարական է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու հարց այս պահին չկա ու չեմ կարծում, որ կլինի», - ասել է նա, գրում է «Առավոտը»։

Թորոսյանը բացառել է, որ ճնշումներ կարող են լինել Սարգսյանի հանդեպ՝ ասելով, որ այս պահին «փոխհրաձգության մեջ չէին նախագահի ինստիտուտի հետ»:

Նա նաև ասել է, որ շատ տարօրինակ է «զարմանալ, զայրանալ կամ նեղանալ, որ ինչ-որ բան դու չես կարողանում անել, երբ ի սկզբանե գիտեիր, որ չես կարող անել»:

«Ինձ համար առնվազն տարօրինակ են բերված փաստարկները նախագահի լիազորությունների հարցով, որովհետև ՀՀ նախագահը 2015-ի փոփոխված սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է։ Կարծում եմ, դա հայտնի էր թե նախագահ ընտրվելուց, թե վերջին 4 տարիներին»,- ասել է Թորոսյանը։

Նա հավելել է, որ խորհրդարանական համակարգում ՀՀ նախագահները հիմնականում կամ արարողակարգային, կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու ֆունկցիա ունեն, ոչ ավելին։ «Նախագահը չի որոշում՝ ով լինի նախարար, վարչապետ, նույնիսկ՝ փոխվարչապետ: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որը Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված է կառավարությանը, և մնացած հարցերում նույնպես: Ես անձամբ հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը: Կարող եմ կիսել կամ չկիսել իր տեսակետները, որոշումն իրենն է»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---