Հայաստանը պատրաստ է համագործակցել ԵՄ հետ «Արեւելյան գործընկերության» հետագա իրագործման համար

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, որը Հայաստան է ժամանել Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ընդլայնվում են գործարար եւ մշակութային կապերը: Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը:



Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ քննության է առնվել Արեւելյան գործընկերության մասին Եվրոպական գագաթաժողովի հռչակագիրը, ինչը հիմք կարող է ծառայել հետագա համագործակցության համար:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների եւ անդամ պետությունների հետ դրա հետագա մշակման եւ իրագործման ուղղությամբ:



Գերմանիայի արտաքին գերատեսչության պետնախարարը գերազանց գնահատեց քաղաքական, տնտեսական, կրթության եւ մշակութային ոլորտներում երկու երկրների համագործակցությունը` կարեւորելով հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների եւ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքի արդյունավետությունը:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին, քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին վերաբերող հարցեր:



Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Գերնոտ Էրլերի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---