ՄԻՊ․ Կին զինծառայողներն առաջխաղացման խոչընդոտների են հանդիպում

ՄԻՊ․ Կին զինծառայողներն առաջխաղացման խոչընդոտների են հանդիպում

PanARMENIAN.Net - Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նոր առաջարկներն ուղարկելու են ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ։

Նշվում է, որ չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների՝

«1. Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները:

Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը:

2. Հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է:

Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները:

3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար:

․․․Ննշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ:

4. Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել:

5. Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ:

6. Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները։

7. Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը:

Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:

8. Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն՛,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ իրագործել նշված առաջարկները, ինչպես նաև հանրային իրազեկումներով բարձրացնել կնոջ դերը Զինված ուժերում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---