Վարչապետ․ Մոտ ենք կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի 1-ին գործնական արդյունքին

Վարչապետ․ Մոտ ենք կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի 1-ին գործնական արդյունքին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և Օվերչուկ-Գրիգորյան հանդիպմանը՝ հայտարարելով, որ շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները:

Նա նշել է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարի 2-ին Երևանում կայացած հանդիպմամնը քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:

«Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ պետք է երկաթուղին կառուցենք և այն գործելու է Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ այժմ քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի, ֆինանսավորման հարցերը:

Նշելով, որ թեև այս դինամիկայի պահպանման դեպքում այս հարցի իրագործումն առարկայական է դառնում, սակայն քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է որ օպերատորը լինելու է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, ուստի ճիշտ կլինի, որ օպերատորի հետ համագործակցությունը սերտ լինի, որ նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի:

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---