ՄԻՊ․ Անվտանգության գոտի ստեղծելն անիրատեսական չէ՝ խնդրի լուծումը հնարավոր է

ՄԻՊ․ Անվտանգության գոտի ստեղծելն անիրատեսական չէ՝ խնդրի լուծումը հնարավոր է

PanARMENIAN.Net - Օմբուդսմեն Արման Թաթոյանը, ՄԻՊ արտահերթ զեկույցը ներկայացնելու համար հրավիրված ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացման գոտի ստեղծելու հարցին, ասել է, որ դա անիրատեսական չէ։

Նա նշել է, որ ԵՄ գործընկերների հետ վերջին հանդիպումները ցույց են տվել՝ խնդրի լուծումը հնարավոր է, բայց հենց Հայաստանում են հնչում կարծիքներ ու հայտարարություններ, որ ապառազմականացված գոտու ստեղծումն անիրատեսական է, գրում է Panorama.am-ը։

«Ցավոք, կան կարծիքներ, դիրքորոշումներ, որ դա անիրատեսական է, բայց այդ հարցն անիրատեսական չէր և չէ՝ առհասարակ»,-շեշտել է ՄԻՊ-ը:

«Երբ մենք անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք, օրինականացնենք ադրբեջանական զինծառայողների ներկայությունը և ցույց չենք տալիս այս խախտումներն ու ժամանակին չենք գործում, հետո ասում ենք՝ անիրատեսական է։ Անիրատեսականության հիմքերը հենց այդպես են ստեղծվում»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանական ատելության, թշնամանքի քաղաքականության արտացոլումն է նաև այն խախտումները, որոնք ադրբեջանական զինծառայողները թույլ են տալիս սահմանային խաղաղ բնակիչների նկատմամբ։

Թաթոյանը տեղեկացրել է, որ այդ դեպքերի հիման վրա ՄԻՊ-ն առաջարկ է արել միջազգային չափանիշներին համապատասխան մինչև քաղաքական գործընթացների ավարտը, մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը երաշխավորելու համար շփման գծում ադրբեջանական զինծառայողներ չլինեն։

Նրա խոսքով՝ այդ առաջարկին հետևել են դրական զարգացումները և ԵԽԽՎ-ի սեպտեմբերի 27-ի բանաձևում ամրագրվել էր, որ պետք է ապառազմականացված գոտի լինի:

Ավելի վաղ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---