Թորոսյան․ ՀՀ-ում ընդամենը 29%-ն է ամբողջությամբ պատվաստված՝ պետք է կենտրոնանալ ավելի շատ պատվաստվող ունենալու վրա

Թորոսյան․ ՀՀ-ում ընդամենը  29%-ն է ամբողջությամբ պատվաստված՝ պետք է կենտրոնանալ ավելի շատ պատվաստվող ունենալու վրա

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսիային իրավիճակին, ասել է, որ պատվաստումների ցուցանիշները Հայաստանում բավականին ցածր են, բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։

«Եթե ավելի մեծ տեմպերով պատվաստումներ չունենանք, կարող է հավերժ լինենք կովիդի դեմ պայքարի այս ցիկլերի մեջ»,-ասել է նա է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ պետք է ամբողջ գործիքակազմը կենտրոնացնել ավելի շատ պատվաստվող ունենալու համար:

Ըստ Թորոսյանի` այն երկրները, որոնք հասել են մոտ 80-90 տոկոսի, պարզապես վերջ են դնում բոլոր սահմանափակումներին և վերադառնում են նախակորոնավիրուսային կյանքին։

Թորոսյանը կարծում է, որ ՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը ոչ այնքան պարզ ձևով է մատուցում հասարակությանը։ Ըստ նրա` պետք է հրապարակվի 3 թիվ. առաջին և ամենակարևորը՝ ամբողջապես պատվաստված քաղաքացիների թիվն է, երկրորդը` մեկ դեղաչափ ստացածներինը, երրորդը` խթանիչ դեղաչափ ստացածներինը։

Այդ թվերը ցույց են տալիս, որ պատվաստումների աճը շատ դանդաղ է, ու դա կախված է նախ նրանից, որ այն մարդիկ, ովքեր ստիպված պիտի պատվաստվեին, արդեն պատվաստվել են, ու նրանից, որ այս թեման այլևս արդիական չէ, մարդկանց չի հուզում։ Բնակչության միայն 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։

Հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում պատվաստվել, Արսեն Թորոսյանը պատասխանել է, որ պատճառները շատ են՝ սկսած ներքաղաքական անկայունությունից վերջացրած վստահությունը կոնկրետ միջամտությանը և նաև պարտադրող կամ խրախուսող միջոցառումներին։

Անդրադառնալով Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին՝ Թորոսյանն ասել է, որ դրանց թիվը բավարար է։

«Որակական առումով էլ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և էֆեկտիվ։ Հայաստանը քիչ երկրներից է, որ շատ մեծ տեսականի ունի պատվաստանյութերի. չինական երկու տեսակի պատվաստանյութ` CoronaVac և Sinopharm, ռուսական Sputnik-V և հիմա արդեն Հայաստանում արտադրվող Sputnik Light, Moderna, AstraZeneca, շուտով, հուսով եմ, կլինի նաև Pfizer, որովհետև կարծես մատակարարումների վերջնական փուլին ենք հասել:

Պատվաստանյութերի` ժամկետների մեջ լինելը և պատշաճ պայմաններում պահվելը շատ հեշտ կարելի է ստուգել, օրինակ` նայելով սրվակի վրայի մարկերներին, որ սառցե շղթան պահպանված լինի և ստուգել՝ ժամկետի մեջ է, թե ոչ։ Պատվաստումներից որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չենք ունեցել», – հավելել է Թորոսյանը։

Թորոսյանը հավելել է, որ պատվաստումները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների գագաթնակետը։ Նա նշել է, որ երկրներ կան, որտեղ արդեն բուստեր դեղաչափն են 80-90 տոկոս ստացել, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն, այնուամենայնիվ, շատ երկար չի աշխատում, աշխատում է ինչ–որ ժամանակ, որը պետք է կրկնել, ինչպես, օրինակ, սովորական գրիպի ժամանակ, երբ ամեն եղանակին պատվաստվում ենք։

Փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով կատարվել է 1,054,178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858,981 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 12,397 քաղաքացի։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
---