Տեղահանված արցախցիները պետաջակցությամբ կկարողանան հիփոթեքով բնակարան գնել կամ տուն կառուցել

Տեղահանված արցախցիները պետաջակցությամբ  կկարողանան հիփոթեքով բնակարան գնել կամ տուն կառուցել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։ Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը:

Ծրագրից տեղահանված 3000-ից ավելի ընտանիք կկարողանա օգտվել։

Ծրագրի շրջանակում Արցախի առանձին շրջաններից տեղահանված լինելու փաստը Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո պոտենցիալ շահառուները կարող են դիմել և ստանալ ծրագրի շահառու հանդիսանալու մասին սերտիֆիկատ։ Այնուհետև շահառու ընտանիքի կողմից ընտրված վայրում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով բանկից կամ այլ ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի վճարում, մասնավորապես.

Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով:

ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,

Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։

Ֆինանսավորող կազմակերպությունները վարկային հայտը դիտարկելիս պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում, այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող վերը նշված չափերը, ապա շահառուն սերտիֆիկատի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---