ՀՀԿ ԳՄ. Երբ միակ դաշնակիցդ դաշնակից է դառնում ախոյանիդ, քո գործած սխալների հետևանքն է

ՀՀԿ ԳՄ. Երբ միակ դաշնակիցդ դաշնակից է դառնում ախոյանիդ, քո գործած սխալների հետևանքն է

PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել` արձագանքելով Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորգրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

Հայտարարության մեջ նշվում է, որ երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, «քո սեփական թուլության, քո գործած սխալների հետևանքն է»։

«Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորգրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլևս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը.

1. Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։

2. Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

3. 2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային:

4. Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։

5. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։

6. Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։

7. Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։

8.Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլևս միջազգային մակարդակի ահազանգն է։

9. Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։

 Ուշագրավ
---