Աբրահամյան․ ՀՀ եկող ռուսների հանդեպ հատուկ վերաբերմունք է պետք

Աբրահամյան․ ՀՀ եկող ռուսների հանդեպ հատուկ վերաբերմունք է պետք

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ռուսների նկատելի ներհոսքին ՀՀ, գրել է, որ անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։

«Վերջին օրերին Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային։

Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները, և, անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։

Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարոյական հարց է, այլ սրանից է կախված, թե այլ իրավիճակներում ՀՀ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք և քաղաքականություն կորդեգրվի։

Անկախ Ուկրաինայի տարբեր քաղաքական դեմքերի, խմբերի՝ տարբեր փուլերում արտահայտած ոչ հայանպաստ դիրքորոշման, մարդկային առումով ցավալի տեսնել Ուկրաինայի ժողովրդի վիճակը, որովհետև նախ այնտեղ ևս հարյուրամյակներով հայեր են ապրում, երկրորդ, պատերազմն առաջին հերթին մարդկային ողբերգություն է»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև նշել է, թե չի կարծում, որ ՌԴ օպերացիան երկար կշարունակվի, սակայն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակի, որ Ուկրաինայում կարող է կայունություն կամ անվտանգություն հաստատվել։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
---