Միրզոյանը` Ադրբեջանի առաջարկների մասին․ Մեզ համար սկզբունքային է, որ վերջնականապես հստակեցվի ԼՂ կարգավիճակը

Միրզոյանը` Ադրբեջանի առաջարկների մասին․ Մեզ համար սկզբունքային է, որ վերջնականապես հստակեցվի ԼՂ կարգավիճակը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքին, հաստատել է, որ հենց այդ փաստաթուղթն է փոխանցվել հայկական կողմին, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին»,-ասել է նա։

Պատասխանելով այդ առաջարկների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմասն մասին հարցին՝ Միրզոյանն ասել է` կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրները, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։

Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ամբողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,-ասել է Միրզոյանը:

Նա հավելել է, որ հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։

Այնուհետև Միրզոյանը պատասխանել է Ադրբեջանի կողմից հնչեցված սահմանազատման և սահմանագծման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացների ընթացքի մասին հարցին։

«Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես, օրինակ, զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիտորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք, սակայն, ադրբեջանական կողմը մերժել է»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ձևաչափում է տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները՝ Միրզոյանն ասել է, որ ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---