Գալստյան. ՌԴ դեմ պատժամիջոցները կդանդաղեցնեն ՀՀ տնտեսական աճի տեմպերը

Գալստյան. ՌԴ դեմ պատժամիջոցները կդանդաղեցնեն ՀՀ տնտեսական աճի տեմպերը

PanARMENIAN.Net - ՌԴ-ի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ։ Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ դա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին։

«Ամբողջական պահանջարկն իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացան ազդեցությունները»,– ասել է Գալստյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Փոխարենն ակնկալվում էդրական ազդեցություն զբոսաշրջության ոլորտում։

Առկա քաղաքական ու տնտեսական անորոշությունները, սակայն, ԿԲ նախագահի դիտարկմամբ, արդեն իսկ հանգեցրել են գնաճի ու գնաճային սպասումների։ Դրանց ազդեցությունը մեղմելու համար էլ ԿԲ-ն որոշել է ավելացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1.25 տոկոսով։

Կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:

ԿԲ նախագահը չի բացառել, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականության խստացման անհրաժեշտություն լինի։

«Նման քաղաքականության արդյունքում 12 ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում (2022-ի տարեվերջին– խմբ.) կմոտենա կանխատեսվող 4 տոկոս ցուցանիշին»,– ասել է Գալստյանը։

ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է` ելնելով երկրում առկա տնտեսական վիճակից և գնաճի մակարդակից: Այսպիսով, վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս ԿԲ–ին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում։ Վերաֆինանսավորման ամենաբարձր տոկոսադրույքը ՀՀ–ում արձանագրվել է 2015 թվականի հունիսին` 10.5% -ի չափով։

Ընթերցեք նաև․ ԿԲ նախագահ․ ՀՆԱ-ի աճի մասով կանխատեսումը 5.3%-ից իջեցվել է 1.6%-ի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---