Միրզոյանը կարևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը ԼՂ պատմամշակութային կոթողների պահպանմանը

Միրզոյանը կարևորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը ԼՂ պատմամշակութային կոթողների պահպանմանը

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը:

Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարե,լ էր, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը Հայաստանը համարում է առաջնահերթ և հրատապ, սակայն դա մինչ օրս չի իրականացվել։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---