Վարչապետ․ ՀՀ-ում սոցվիճակը բարդանում է՝ մեղմող քաղաքականություն վարում ենք, որքանով թույլ է տալիս բյուջեն

Վարչապետ․ ՀՀ-ում սոցվիճակը բարդանում է՝ մեղմող քաղաքականություն վարում ենք, որքանով թույլ է տալիս բյուջեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, ինչը բնորոշ է ամբողջ աշխարհին, որը գնաճի աննախադեպ բարձր փուլում է։ Նա հավելել է, որ Հայաստանը «դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ»:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքան հնարավոր է, որքան թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021-ի՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են մոտ 147 միլիարդ դրամով․․․ Ընդհանրապես, 2018-ից հետո մեր բյուջեի հարկային եկամուտներն աճել են մոտ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20,000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550,000 հոգու թոշակը: Կամ 600, 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են «առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը:

Նա նշել է, թե տնտեսության հետ կապված լավատեսական նորությունն այն է, որ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան՝ որպես օրինակ բերելով ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը։ Փաշինյանը նաև նշել է, որ 2022-ին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում՝ մինչև 1.5 տոկոսի շեղումով։

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B+ վարկանիշը` «կայուն» կանխատեսումով։ Գործակալությունը նաև կտրուկ նվազեցրել է 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը 5․3%-ից մինչև 1․3%՝ պայմանավորելով դա Ուկրաինայում ընթացող պատերազմով և ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---