ԱՀ ՆԳՆ․ Քաղաքացիների ելումուտը Արցախից դեպի ՀՀ շարունակվել է բնականոն ռեժիմով

ԱՀ ՆԳՆ․ Քաղաքացիների ելումուտը Արցախից դեպի ՀՀ շարունակվել է բնականոն ռեժիմով

PanARMENIAN.Net - Մարտի 24-29-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով, հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։

«Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն:

Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել:

Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---