44-օրյայում զոհվածների հարազատները ցույց են անում Ազնավուրի հրապարակում

44-օրյայում զոհվածների հարազատները ցույց են անում Ազնավուրի հրապարակում

PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով պատժել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ծնողների ու հարազատների մի մասն ակցիային եկել է սև շապիկներով, որոնց վրա իրենց զոհված որդիների կամ ամուսինների պատկերն է, մյուս մասն էլ իրենց հետ բերել է զոհվածների լուսանկարները։

Ազնավուրի հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել։ Այնտեղ ոչ միայն զոհվածների ծնողներն են, այլև նրանց աջակցող քաղաքացիները։ Ծնողներին աջակցում են նաև ընդդիմադիր պատգամավորներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցությունից Ագնեսա Խամոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի հարազատ Անահիտ Մանասյանն ասել է` արդեն մի քանի հարյուր ստորագրություն է հավաքվել Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Նա հայտնել է նաև, որ փաստաբանները պատրաստում են դատախազության պատասխանը, որը որոշել է միավորել իրենց բողոքն այլ քրեական վարույթի հետ։

«Կա խոստովանություն, որ մասսայական սպանություն է եղել, մենք պահանջում ենք, որպեսզի գործն առանձին քննվի։ Չենք ցանկանում, որ կողմնակալ որոշում կայացվի։ Մենք ճնշում ենք գործադրելու բոլոր մարմինների վրա, որպեսզի նրանք աշխատեն և պատժեն Փաշինյանին»,- ասել է Մանասյանը։

ԱԺ-ում վարչապետի այն հայտարարությունից հետո, որ կարելի էր խուսափել պատերազմից և արդյունքը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:

Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։ Ծնողները մտադիր են երթ և բողոքի ակցիա անցկացնել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---