Հետազոտություն․ 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները հեռու են բարեկամականից

Հետազոտություն․ 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները  հեռու են բարեկամականից

PanARMENIAN.Net - ԼՂ պատերազմի օրերին ու դրանից հետո Վրաստանում հայ և ադրբեջանցի ազգային խմբերի փոխհարաբերությունների մասին հետազոտություն է իրականացվել՝ հետազոտողներն այցելել են Վրաստանի հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններ ու բնակավայրեր:

Հետազոտության արդյունքները Լեհաստանի գիտությունների ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած հեռավար քննարկմանը ներկայացրել են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալական մարդաբան, վրացագետ Կլաուդիա Կոշիցինսկայան և սոցիալական մարդաբան Աննա Սիեսլևսկայան, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Սիեսլևսկայան նշել է է, որ նախքան 2020-ի ԼՂ երկրորդ պատերազմը Վրաստանում հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնությունների միջև բացահայտ թշնամանք նկատելի չէր, սակայն, ըստ նրա, ղարաբաղյան երկրորդ պատերազմը վեր հանեց կողմերի միջև հակասությունները և պատմական վերքերը: Օրինակ՝ եթե նախկինում հայերի ու ադրբեջանցիների միջև Վրաստանում առկա էին գործնական կապեր, ապա պատերազմի օրերին դրանք դադարեցին: Նա նշել է, որ դրան նպաստել է նաև կորոնավիրուսային համավարակն ու դրա հետևանքով ստեղծված տնտեսական ծանր կացությունը Վրաստանում: Ըստ բանախոսի՝ դադարել են նաև փոխադարձ այցելությունները հայաշատ Սամցխե-Ջավախքի կամ ադրբեջանաշատ Քվեմո Քարթլի շրջաններ: Այսօր համայնքների միջև գործնական կամ առևտրային կապերն, ըստ նրա, աստիճանաբար վերականգնվում են:

«Ոչ ոք չի խոսում պատերազմից: Շփումները գործնական են, սակայն չնայած այն փաստին, որ հարաբերությունները վերականգնվում են՝ դրանք հեռու են բարեկամական կոչվելուց,- ասում է Աննա Սիեսլևսկայան:

Իր հերթին, Կլաուդիա Կոշիցինսկայան, հենվելով իր հետազոտության արդյունքների ու այցի ընթացքոմ իրականացրած դիտարկումների վրա, համակարծիք է՝ հարաբերությունները երկու ազգային փոքրամասնությունների միջև փոփվել են հատկապես վերջին պատերազմից հետո:

«Մարդիկ, ովքեր բնակվում են կողք կողքի փորձում են խուսափել պատերազմի մասին զրույցներից և փորձում պահպանել լավ հարաբերություններ: Սակայն, դրանք երբեք այնպիսին չեն, ինչպիսին եղել են 90-ականների առաջին պատերազմից հետո և մինչև վերջին պատերազմի բռնկումը»,- ասել է Կոշիցինսկայան:

Ըստ բանախոսների, պատերազմի օրերին երկու համայնքներն էլ իրենց համապատասխան քարոզչությունը իրականացնում էին Վրաստանի համատեքստում:

Բանախոսները կարևորել են երկու կողմերի մամուլի միջոցների դերը, որն ազդում է հայկական և ադրբեջանական համայքների մոտեցումների ձևավորման վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու համայնքներն էլ մեծ մասամբ չեն տիրապետում վրացերենը և ողջ տեղեկատվությունը ստանում են ազգային լրատվամիջոցներից:

Այս համատեքստում բանախոսներն առանձնացնում են նաև Վրաստանի պետական քաղաքականությունը փոքրամասնությունների հարցում՝ շեշտելով, որ այն հաճախ աչքի է ընկնում խտրականությամբ: Վրաստանն առայսօր չունի ազգային փոքրամասնությունների ինտեգրման մասին օրենք, նշում են բանախոսներն, ընդգծելով, որ այդ հանգամանքը բացասաբար է ազդում ազգային խմբերի միջև լարվածության նվազմանը: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների միմյանց կողք կողքի բնակվելը, ըստ բանախոսների, նպաստում է երկու ազգերի միջև համերաշխության մթնոլորտին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---