ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսական պահանջում են զգալի մեծացնել ՀՀ-ին և Արցախին օգնությունը

ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսական պահանջում են զգալի մեծացնել ՀՀ-ին և Արցախին օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսական, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում։

Օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորել են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գրասենյակը:

«Այս կարևոր ներդրումը հիմնված կլինի ենթահանձնաժողովի կողմից Հայաստանին և Արցախին նախկինում ցուցաբերած աջակցության վրա և կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մեր ներկայությունը և կմեծացնի մեր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշված է կոնգրեսականների նամակում:

Ըստ կոնգրեսականների՝ Միացյալ Նահանգները մնում է եզակի դիրքերում՝ Հարավային Կովկասում դիվանագիտական կարևոր առաջընթաց գրանցելու համար։

«Դա հատկապես ցայտուն է ժամանակակից ժողովրդավարությամբ հնագույն երկրում՝ Հայաստանում, որը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են ինքնակալ առաջնորդները: Հայաստանին նշանակալի օգնություն տրամադրելը կօգնի նրա ժողովրդին ավելի ապահով լինել, կամրապնդի նրա ժողովրդավարությունը, կայուն տնտեսական զարգացումը, կկայունացնի քաղաքացիական հասարակությունը և կօգնի նրա շարունակական արձագանքին Covid-19 համաճարակի դեմ պայքարում»,- գրել են ամերիկացի օրենսդիրները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ $50 մլն օգնություն հատկացնել Արցախին և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին քննարկմանն է ներկայացրել օտարերկրյա օգնության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ANCA-ի առաջարկները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---