ՄԻՊ․ Ոստիկանությունը 13 տարեկան երեխայի է բերման ենթարկել

ՄԻՊ․ Ոստիկանությունը 13 տարեկան երեխայի է բերման ենթարկել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնել ոստիկանության Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ: Արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 7 անչափահաս, որոնցից մեկը՝ 13 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

Առանձնազրույցներ են եղել ազատությունից զրկված 35 անձի հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Ըստ երեխաների և այլ ականատեսների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողի, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողի կողմից:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:

Նշվում է, որ զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր։ ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

ՄԻՊ-ն արձանագրել է, որ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ:

Ելնելով վերոգրյալից՝ ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է արել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---