Բերման է ենթարկվել 352 քաղաքացի. Մետրոյի աշխատանքը խափանվել էր

Բերման է ենթարկվել 352 քաղաքացի. Մետրոյի աշխատանքը խափանվել էր

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի առավոտից, ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 352 քաղաքացի։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ժամը 10։00-ի դրությամբ բերման ենթարկված քաղաքացիների պաշտոնական թիվը 277 էր։

Ըստ բերման ենթարկվածների հայտնած տեղեկությունների, Երևանի փողոցներից ակցիաների մասնակիցներին տեղափոխում են ոչ միայն մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքներ, այլև հարակից մարզերի` Արտաշատի, Աբովյանի և Հրազդանի բաժիններ:

Մայիսի 17-ին այս տեղեկությունները հաստատել էր նաև ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։ Երեկոյան հրապարակած տեղեկատվության մեջ նա նշել էր, որ բերման ենթարկվածների մի մասին տեղափոխել են Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բաժիններ։

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել նաև Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը, մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել էին՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Այժմ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է, ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

«Մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Երևանում վաղ առավոտից վերսկսվել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ցուցարարները բերման են ենթարկվում քաղաքի տարբեր հատվածներից։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---