Նախագիծ․ Գույքի բռնագանձման օրենքում առաջարկվում է ընդլայնել պաշտոնատար անձ հասկացությունը

Նախագիծ․ Գույքի բռնագանձման օրենքում առաջարկվում է ընդլայնել պաշտոնատար անձ հասկացությունը

PanARMENIAN.Net - «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը։ Նախատեսվում է բացի պաշտոնյաներից այդ հասկացության տակ ներառել նաև նրանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն։

Նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ըստ Գալյանի՝ վերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ որոշ գործերի ուսումնասիրությունը, ելնելով դրանց բարդությունից և օբյեկտիվ խնդիրներից, ողջամիտ չէ ավարտել 2 տարում: Ուստի առաջարկվել է ուսումնասիրության համար 3 տարի սահմանել և այդ փոփոխությունը տարածել նաև չավարտված ուսումնասիրությունների վրա:

Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում չավարտված մոտ 300 և ավարտված 20 ուսումնասիրություն կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Նիստերը լինելու են հրապարակային:

Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ, մոտ ապագայում հաշտության բանակցությունների թիվը կաճի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---