ԱԽ քարտուղար․ Կենսալաբորատորիաների վերաբերյալ ՌԴ գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանել ենք

ԱԽ քարտուղար․ Կենսալաբորատորիաների վերաբերյալ ՌԴ  գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխանել ենք

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, թե ռուսական կողմը հարցեր է բարձրացնում կենսաբանական անվտանգության առումով, ասել է, որ կենսալաբորատորիաների վերաբերյալ ռուս գործընկերների բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել։

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսանվտանգության ոլորտը և որը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը, տեղեկացնում է «Առավոտը»։

«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաև ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ»,-ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանն է եղել Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել են գոյություն ունեցող բոլոր հարցերը։

Գրիգորյանը հավելել է, որ աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր, գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր։

«Մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով։ Մենք շարունակում ենք աշխատել՝ անցած տարի ստորագրված հուշագիրը իրականություն դարձնելու վրա։ Հայաստանը շարունակում է կենսաանվտանգության հարցերով համագործակցել իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում։ Այդ համագործակցությունն իրականացվում է թափանցիկության և միջազգային բարձր չափանիշների հիման վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Մայիսի 18-ին ՌԴ դեսպանությունը հայտարարություն էր տարածել կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի համագործակցության մասին, որտեղ ասվում էր, որ ռուսական կողմը դեռևս հարցեր ունի կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին տեղեկությունների վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ Հայաստանում կան կառույցներ, որոնք մասնակցել են կենսաբանական նախագծերին Ուկրաինայում։ «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---