Զուրաբյան․ Փաշինյանը և նրա թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը

Զուրաբյան․ Փաշինյանը և նրա թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը հաջորդած ԵԽ նախագահի հայտարարությանը, նշել է, որ կատարվածը ցույց է տալիս` Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով ՀՀ-ն հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։

«Հետաքրքիր է, Փաշինյանը և նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը»,-գրել է նա։

Զուրաբյանը նշել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է. «Ես երկու ղեկավարի համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաև անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։

«1994 թվականից սկսած ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող բոլոր կարևոր միջազգային փաստաթղթերը, լինի դա ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի կամ Եվրոպայի Խորհրդի բանաձևերը, անդրադառնում են հակամարտությանը որպես «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և դիտարկում են Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային և քաղաքական միավոր։

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը նույնպես օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները։ Չնայած հետագայում Ադրբեջանը պահանջել է այլևս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, և եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանը, և դե յուրե դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպես շարունակում են օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը և, ըստ էության, դիտարկել Արցախը որպես տարածքային և քաղաքական միավոր, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված։

Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային և քաղաքական միավոր։

Հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են որևէ արձագանք տալ, իսկ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական հայտարարությունն արել է հանդիպման միջնորդ Միշելը։ Դիվանագիտական պրակտիկայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպման կողմերը որոշում են լիազորել միջնորդին ներկայացնելու հանդիպման արդյունքները, ինչը նշանակում է, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին»,-ասվում է Զուրաբյանի գրառման մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---