Սաղաթելյանը՝ ՔՊ-ին․ Եթե Ալիևից չեք վախենում` եկեք նիստի, ստորագրեք հայտարարությունը

Սաղաթելյանը՝ ՔՊ-ին․ Եթե Ալիևից չեք վախենում` եկեք նիստի, ստորագրեք հայտարարությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ իրենց օրակարգով։

Ընդդիմադիրները պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը։

Նա ներկայացրել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստը․

«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․

1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։

4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։

5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։

6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»,-ասվում է ընդդիմության պատրաստած հայտարարության նախագծի մեջ։

Սաղաթելյանն ընդգծել է, որ սրանք նվազագույն պահանջներն են, որոնցով պետք է ցանկացած իշխանություն առաջնորդվի։ Խորհրդարանական ընդդիմության համար անընդունելի կլինի որևէ փոփոխության առաջարկ, որը կխեղաթյուրի հայտարարության բովանդակությունը։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---