Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ բանակցելու մասին․ Դա դեռ բանակցություն է բանակցության մասին

Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ բանակցելու մասին․ Դա դեռ բանակցություն է բանակցության մասին

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 25-ին Ազգային ժողովում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ դեռևս բանակցություններ են բանակցությունների մասին։

«Կողմերը փորձում են հասկանալ պարամետրերը, կառուցվածքը, ձևաչափը։ Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները, Ադրբեջանը՝ իրենը։ Այս կամ այն միջնորդները ժամանակ առ ժամանակ արտահայտում են իրենց դիրքորոշումները, որոնք, երբեմն համընկնում են, ավելի հաճախ՝ չեն համընկնում, բայց բանակցությունները նաև այսպիսի հարցեր լուծելու համար են»,- ասել է ԱԳ նախարարը։

Պատասխանելով խաղաղության վերաբերյալ հայկական կողմի պատկերացումների և Ադրբեջանի պատկերացումների հետ համընկնումների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում են հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են համընկնել կամ կա այդպիսի հավանականություն։

Որպես որոշակի առաջընթացի Միրզոյանն օրինակ է բերել սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը սահմանին։ Նա հավելել է, որ քննարկվել են աշխատանքային և մեթոդական հարցեր, իսկ հաջորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում։

Ըստ Միրզոյանի, պատկերացումների որոշակի համընկնումներ կան տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների վերաբացման հարցում։

Նա ասել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր 1․5 տարի առաջ և որով ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել, ՀՀ համար անընդունելի է և, «կարծես թե, կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու»։

Միրզոյանն ասել է նաև, որ Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային վակուումի առաջացում թույլ տա։ Նա հավելել է, որ հայկական կողմը ողջունում է նաև ԵՄ ջանքերը, որոնք «արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս»։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---