Վարչապետ․ SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը

Վարչապետ․ SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Դա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:

«Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:

Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, ՀՀ կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:

Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։

Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020-ի մարտի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այս փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,-ասել է Փաշինյանը։

Այս համատեքստում վարչապետը կարևորել է ևս մեկ իրադարձություն, որը սերտորեն կապված է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում քայլերի հետ։

Նա նշել է, որ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։

Փաշինյանը նշել է նաև, որ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

«Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---