Նախարար․ Պետպարտքը 2021-ի տարեվերջի դրությամբ 4 տրլն 430 մլրդ դրամ էր

Նախարար․ Պետպարտքը 2021-ի տարեվերջի դրությամբ 4 տրլն 430 մլրդ դրամ էր

PanARMENIAN.Net - Պետական պարտքը 2021-ի տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ (մոտ 9.6 մլրդ դոլար): Այդ մասին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ:

Նա նշել է, որ դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի:

Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 մլրդ և ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ:

Նախարարը նաև նշել է, որ համավարակից և Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը վերականգնման փուլում էր` գրանցվել է ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով:

«Արդյունաբերության և շինարարության տեմպերը ևս աճել են՝ նպաստելով տնտեսական աճին: Մինչդեռ գյուղատնտեսության նվազումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը:

Նա նշել է նաև, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4․6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,8 տոկոսային կետով, իսկ Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60․3 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի արդյունքից նվազելով 3․2 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---