Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում բախման գործով 13 ձերբակալված կա

Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում բախման գործով 13 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանության և ցուցարարների միջև բախման գործով 13 ձերբակալված կա։

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է․ «Պարզվել է, որ հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես, քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը»:

Նշվում է, որ ոստիկանության 40-ից ավելի ծառայող ստացել է մարմնական վնասվածքներ։ Նշվում է նաև, որ տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասսե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ։,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ էր դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է:

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---