Զաս․ Հայկական կողմն առաջարկել է կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգերը

Զաս․ Հայկական կողմն առաջարկել է  կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգերը

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայկական կողմը հանդես է եկել կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգերի կատարելագործման մասին առաջարկությամբ։ Այդ մասին ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Մեր առաջին փորձը ձեռք բերեցինք Ղազախստանում, երբ գործարկվեց ճգնաժամային արձագանքման համակարգը։ Դա լավ հիմք դարձավ գործունեության այս ոլորտը բարելավելու հետագա քայլերի համար»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Զասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարին` ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկների և նախաձեռնությունների համար։

Քննարկվել է նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարությունների կողմից համաձայնեցվել է հայտարարություն, որտեղ խորը մտահոգություն է արտահայտվում միջազգային անվտանգային համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Ներկայացվել է անդամ պետությունների դիրքորոշումn անվտանգության հավասարության սկզբունքի ու այլ երկրների անվտանգության հաշվին որոշ պետությունների անվտանգության ամրապնդման անթույլատրելիության վերաբերյալ։

«ՀՀ aրտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերի հետագա ամրապնդմանը», - ասել է Զասը:

Նա հավելել է, որ արդեն մշակվել են փաստաթղթերի նախագծեր, որոնցով շտկումներ կկատարվեն կազմակերպչական–վերահսկիչ մարմինների ու ԶՈւ-երի, ՀԱՊԿ աշխատանքային մարմինների ուսումնական համակարգերի իրավական հիմքերում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի ներխուժմանը ՀԱՊԿ-ի արձագանքման խնդրին, ասել է, որ այդ հարցը միչև հիմա բաց է մնում։

 Ուշագրավ
---