Վարչապետ. Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

Վարչապետ. Ադրբեջանը չեղարկել է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը չեղարկել է հունիսի 27-ին կայանալիք հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև։

Հանդիպումը կայանալու էր Բրյուսելում։

Նա հավելել է, որ ավելի վաղ քննարկումների արդյունքում որոշվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաները կապի մեջ են լինելու, բայց արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք կա, որ Ադրբեջանը չեղարկել է, բոյկոտել է աշխատանքը։

«ԱԳՆ-ից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ ԱԳ նախարարների հանդպում տեղի ունենա, բայց Բաքուն դեռ չի արձագանքել այդ առաջարկին»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե, իբր, Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք հղում են անում իրազեկ դիվանագիտական աղբյուրներին, հանդիպումը չի կայացել, քանի որ կան իրական պատճառներ։

«Եթե հայկական կողմը շարունակի խոսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մեխանիզմի մասին, Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներով հանդես գա, ապա ի՞նչ իմաստ ունեն նման հանդիպումները։ Իսկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունները պետք է հստակեցված լինեն»,-ասել է աղբյուրը, գրում է Haqqin.az-ը։

Գրիգորյանը և Հաջիևը մայիսի 2-ին հանդիպել են Բրյուսելում, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ։ Ավելի վաղ խոսելով այս հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասել էր, որ այն հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր է ներառելու, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---