Տիգրան Սարգսյանին ներկայացրել են Հայաստանի համար ՀԲ վարկային ծրագրերի մշակման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրն ընդունել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության վարկային ծրագրերի պատրաստման առաքելությանը` ՀԲ Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ռոբերտ Տալիերսոյի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, ՀԲ առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` համագործակցության համար, նշելով, որ առաքելությունն արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել համապատասխան նախարարություններում եւ գերատեսչություններում:



Ռոբերտ Տալիերսոն ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք առաջիկա երեք տարիների համար նախատեսվող վարկային ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքը: Առաքելության այս այցի օրերին, ըստ նրա, ՀՀ պետական մարմինների հետ քննարկվել է 2009 թվականի համար նախատեսվող վարկային ծրագիրը, իսկ 2010-2011թթ. ծրագրերին առաքելությունը կանդրադառնա ապրիլի վերջին տասնօրյակում կայանալիք հաջորդ այցի ընթացքում:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, պարոն Տալիերսոն վարչապետին ներկայացրել է առաջին վարկային ծրագրին նախորդող միջոցառումների վերաբերյալ ՀԲ առաքելության նկատառումներն ու ՀՀ նախարարությունների հետ քննարկումների արդյունքները, ընդգծելով, որ ծրագիրն ունենալու է հակաճգնաժամային ուղղվածություն: Նա կարեւորել է նախատեսվող լրացուցիչ ֆինանսական միջոցներն առաջին հերթին սոցիալական հիմնախնդիրներին, անապահով խավերի պաշտպանությանը նպատակաուղղելու անհրաժեշտությունը: ՀԲ առաքելության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ կառավարության մինչ այժմ ձեռնարկած քայլերը այդ, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության, գործարար միջավայրի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է ՀԲ առաքելության ղեկավարի դիտարկումներին: Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ ներկայացված միջոցառումները կորոշակիացվեն ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների շուրջ համաձայնության գալուց հետո: ՀՀ կառավարության ղեկավարը համաձայնել է նաեւ մակրոտնտեսական կանխատեսումների հստակեցման եւ մի շարք սցենարների մշակման համար փորձագետների աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին:



Ռոբերտ Տալիերսոն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է օգնելու Հայաստանին եւ այս տարվա վարկային ծրագրի նախնական միջոցառումների վերջնական հստակեցումից հետո, հնարավորին սեղմ ժամկետում փոխհամաձայնեցված փաստաթուղթը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի քննարկմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---