Բուենո․ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ խնդրի կարգավորմանը

Բուենո․ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ խնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպմանը ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ:

Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրի միջև քաղաքական երկխոսության ու բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը` երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ: Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում։

Հայաստանի ու Իսպանիայի միջև մարդկային շփումների ակտիվացման ու փոխճանաչման տեսանկյունից կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդումը։ Ընդգծվել է կրթական փոխանակումների և երկու երկրներում միմյանց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման հնարավորությունների ընդլայնումը։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը, համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---