Գյուղատնտեսության զարգացման համար 2023-ին նախատեսվում է 29․9 մլրդ դրամ հատկացնել

Գյուղատնտեսության զարգացման համար 2023-ին նախատեսվում է 29․9 մլրդ  դրամ հատկացնել

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29․9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2․5 մլրդ դրամ։ Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ:

Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում՝ Վահե Ղալումյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ:

2023 թ. պետական բյուջեի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել 12 ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 6 ծրագրի շրջանակում նախատեսվում է 2023 թ. պետական բյուջեով իրականացնել 30 միջոցառում. գյուղատնտեսության խթանման ծրագիր՝ 6, բուսաբուծության խթանման և բույսերի պաշտպանության՝ 3, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման՝ 4, անասնաբուժական ծառայություններ՝ 2, գյուղատնտեսության արդիականացման ծրագիր՝ 12, ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր՝ 3:

Նախարարության կողմից բյուջետային հայտով ներկայացված գյուղատնտեսության ոլորտում նոր նախաձեռնություններից ընդգրկվել է 1 միջոցառում, որն ուղղվելու է «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» միջոցառմանը:

Նախարարի խոսքով` դրական արդյունք է գրանցել ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը, և անհրաժեշտություն է առաջացել ավելացնել բյուջեն:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի այն հարցին, թե որն է 3-15 մլն դրամ տրամադրվող վարկերի 2023 թ. հունվարի 1-ից պետության կողմից տոկոսների սուբսիդավորման դադարեցման պատճառը՝ նախարարն ասել է, որ ավելի նպատակային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի հսկել արդյունավետությունը։

«Դրանք վերակազմավորվում են այնպես, որպեսզի հնարավոր լինի հաշվել տվյալները՝ բարձր արդյունավետություն ունենալու նպատակով»,-ասել է նա։ ‌

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---