Տելեգրամի միջոցով 1 մլրդ դրամի թմրամիջոցների շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

Տելեգրամի միջոցով 1 մլրդ դրամի թմրամիջոցների շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրգործի շրջանակում բացահայտվել է համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ:

Պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով Տելեգրամ սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթացքում կառավարել է ավելի քան 20,000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավելի խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները:

Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով ավելի քան 10 անձի, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում:

Մասնավորապես. թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց: Տելեգրամյան նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձնացից ձեռք բերված թմրամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին: Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգտագործել է իր՝ BOB Marley անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդ կերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյուքնում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույնթերի փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանառության օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դրամը:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---