Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները ԱՆ շենքի մոտ էին․ Նախարարի հետ հանդիպում էին պահանջում

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները ԱՆ շենքի մոտ էին․ Նախարարի հետ հանդիպում էին պահանջում

PanARMENIAN.Net - ‌Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հավաքվել էին Առողջապահության նախարարության դիմաց՝ պահանջում էին հանդիպում նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Ծնողներից Ռուզան Համբարձումյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման պահանջով են հավաքվել պետական գերատեսչության դիմաց։

«Կրճատվել է պետպատվերների քանակը, ինչի հետևանքով երեխաների առողջական վիճակը վատացել է։ Խնդիրներ ունենք նաև անկանխիկ վճարումների օրենքի պատճառով, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխայի հետ՝ սայլակով, քայլակով կամ գրկած պետք է բանկում հերթ կանգնենք, կամ եթե ԴԱՀԿ-ն կալանք է դրած լինում ընտանիքի հաշվին, այդ ժամանակ վճարումներ ընդհանրապես չեն կարողանում կատարել։ Նաև տրված քայլակը, կանգնակը, կոշիկներն անորակ են։ Շատ ընտանիքներ հացի խնդրի առաջ են կանգնած»,- ասել է Համբարձումյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ արդեն 2-3 տարի է վերականգնողական կենտրոն հաճախելու պետպատվերը տարեկան 3-4 անգամից կրճատվել է մինչև 2 անգամի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը բավականին շատացել է։ Պատկերացրեք, առաջին պետպատվերը վերցնելուց հետո, որպեսզի երեխան գնա վերականգնողական կենտրոն, երկրորդը պետք է լինի 6 ամիս հետո, այդ 6 ամիս հետոյի հերթը չի հասնում, հետևաբար այդ նույն երեխան տարեկան վերականգնողական կենտրոն գնում է ոչ թե երկու, այլ մեկ անգամ։ Իսկ այն ժամանակ, երբ 3-4 անգամ էր, գոնե տարբեր կենտրոններ տանելով՝ այդ երեխաների 3-4 անգամ բուժման կուրսն ապահովվում էր։

Այսօր մեր երեխաները կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ մկանային ցավեր, ջղաձգումներ։ Բուժման կուրսի ինտերվալը շատ է, մինչև հաջորդ կուրսը կամ զրոյական մակարդակից ենք նորից սկսում, առաջընթաց չենք ունենում, վատագույն դեպքում երեխաների մոտ հավելյալ խնդիրներ են առաջանում»,-ասել է նա։

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները նաև խնդիրների թվում նշել են թեքահարթակներ, հարմարեցված վերելակներ չլինելու հանգամանքը, տրանսպորտը։

Ծնողները նախկինում էլ իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնել են, դիմել առողջապահության նախարարություն։

Ծնողներն իրենց ստորագրություններով նամակը հանձնել են ընդունարան, որտեղից փոխանցել են՝ 5-30 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան կստանան։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մի շարք ծառայությունների մասով բյուջետային հատկացումներն ավելացել են։ «Մասնավորապես` 2021 թվականին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018թ-ի համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021թ-ին կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ.-ի համեմատ կազմել է 72%: 2022թ.-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։ Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---