Ատեստատներն ու վկայականները՝ միայն էլեկտրոնային․ Թղթային տարբերակ այլևս չի լինելու

Ատեստատներն ու վկայականները՝ միայն էլեկտրոնային․ Թղթային տարբերակ այլևս չի լինելու

PanARMENIAN.Net - 2022-ից սկսած, պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ասել է, որ թղթային տարբերակ այլևս չի լինելու:

«Կա Հայաստանի կրթության ոլորտը թվայնացնելու և ավտոմատացնելու ռազմավարական ծրագիր, որպեսզի վարչարարությունը, փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին լինի, հաշվետվողականությունը՝ ավելի բարձր։ Այս տարի այդ քայլերից մեկն էր թվայնացնել դպրոցների շրջանավարտներին տրվող վկայականներն ու ատեստատները, ինչը մենք արդեն բարեհաջող իրականացրել ենք», - ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Պողոսյանը հայտնել է, որ համակարգը բաց է հուլիսի 6-ից, աշխատում է, արդեն իսկ տրամադրվում են էլեկտրոնային վկայականներ ու ատեստատներ։ Հուլիսի 11-ի առավոտվա տվյալներով, արդեն 25,000 վկայական ու ատեստատն է ստորագրվել։

Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:

Այս տարի 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտել է ընդհանուր 55,000 աշակերտ։

Պողոսյանը հայտնել է նաև, որ թղթային տարբերակը կգործի միայն մինչև այս պահը տրված ատեստատների կորստի դեպքում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, տարեկան մոտ 70 միլիոն դրամ, իր հիշելով, ծախսվում էր ատեստատների և վկայականների տպագրման համար։

Նա ասել է, որ մտածում են նաև մյուս մակարդակներում՝ այսինքն ուսումնարան, քոլեջ, բուհ, ավարտական վկայականների թվայնացման մասին։ Միաժամանակ հավելեց, որ բավականին բարդ գործընթաց է։

Դպրոցների տնօրենների կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ նախնական և հիմնական:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---