‌ԵՄ ներկայացուցիչներն արձագանքել են ընդդիմադիրներին ԱԺ պաշտոններից զրկելու վերաբերյալ Թովմասյանի հրատապ նամակին

‌ԵՄ ներկայացուցիչներն արձագանքել են ընդդիմադիրներին ԱԺ պաշտոններից զրկելու վերաբերյալ Թովմասյանի հրատապ նամակին

PanARMENIAN.Net - Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ անդամ պետությունների դեսպանները, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը պատասխանել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նամակներն առնչվում էին ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու, Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծերի շրջանառմանը։

Անդրեա Վիկտորինը և ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ի պատասխան հայտնել են, որ ԵՄ-ն և իր անդամ պետությունները մեծ կարևորություն են տալիս արտահայտվելու և հավաքների ազատությանը, և նշում, որ այնուամենայնիվ յուրաքանչյուր պետություն ունի իրավունք սահմանել կանոններ, ինչպես նաև կարգապահական ընթացակարգեր իր պաշտոնյաների և պատգամավորների համար՝ կապված նրանց պարտականությունների և պատասխանատվության հետ։

«Մեջբերելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները / Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում /՝ միաժամանակ նշում են, որ ԵՄ պատվիրակությունն ու անդամ պետությունները չեն կարող դատել, թե արդյոք հուլիսի 1-ին կայացված որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, և որ դա ՀՀ համապատասխան մարմինների խնդիրն է։

ԵՄ պատվիրակությունը և իր անդամ պետությունները հավատարիմ են մարդու իրավունքներին աջակցությանը և շարունակում են ուշադրությամբ հետևել իրավիճակին Հայաստանում»,-ասվում է գրառման մեջ։

Իսկ ահա Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը ի պատասխան հայտնել է հետևյալը․ «Մենք ուշադրությամբ հետևում ենք Երևանում ընդդիմության ցույցերին վերաբերող իրադարձություններին։ Ինչպես հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից / Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունների պարամետրերը /, քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով, և նիստերին մասնակցությունը ակցիայի եզակի ձևը չէ։ Ուստի խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձև»։

Ջիակոմոպուլոսը ուշադրություն է հրավիրել Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշմանը, համաձայն որի «այնուամենայնիվ հասկանալի կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր հաճախելիության կանոն և մատնանշվեին տույժեր` թերացող անդամների նկատմամբ՝ սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչև ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու»։

«Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից Խորհրդարանի աշխատանքի կազմակերպված և երկարատև բոյկոտին, այն չի կարող ամբողջությամբ բացառվել որպես քաղաքական վարքագծի լեգիտիմ ձև, բայց այն թույլատրելի է միայն հազվադեպ և շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ Խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները չեն կարող արդարացնել բոյկոտը։

Հավաստիացած եղեք, որ ես և ԵԽ համապատասխան ստորաբաժանումները շարունակում ենք հետևել իրավիճակին Հայաստանում, - վստահեցրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը։

Հուսամ` Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևություններ կանի միջազգային մեր գործընկերների հորդորներից և կդադարի վրեժխնդիր լինել ընդդիմադիրների նկատմամբ: Հակառակ դեպքում պետք է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը լայն քայլերով ոտնակոխ է անում ժողովրդավարական արժեքները»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---