Անօրինական միգրացիայով զբաղվող խումբը հորդորել է` ՀՀԿ հալածյալ աջակից ներկայանալով, քաղապաստան հայցել

Անօրինական միգրացիայով զբաղվող խումբը հորդորել է` ՀՀԿ հալածյալ աջակից ներկայանալով, քաղապաստան հայցել

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել, որը $20,000-26,000 դիմաց կազմակերպել է ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումն այլ երկրներ, ինչպես նաև հորդորել է ոմանց, ՀՀԿ հալածյալ աջակից ներկայանալով, քաղապաստան հայցել։

Պարզվել է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնության գալով Երևանում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20,000-26,000 դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին:

Հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ:

Նշվում է, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ:

Առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---