Ոստիկանության հորդորը՝ հաշվառել շահագործվող մեքենաները

Ոստիկանության հորդորը՝ հաշվառել շահագործվող մեքենաները

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հորդորում է հաշվառել շահագործվող մեքենաները՝ հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ։

Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։

2021-ին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11,685 տրանսպորտային միջոց, իսկ 2022-ի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 է։ Հստակ հնարավոր չէ ասել, թե խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց, վստահաբար, շահագործվում են։

Նշվում է, որ առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարներն էլ քիչ չեն։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են։

Առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը կոչ է անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։ ‌

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---