Փոխվարչապետ. Կառավարությունը պատրաստ է քննարկելու AMD ընկերության զարգացման տեսլականը

Փոխվարչապետ. Կառավարությունը պատրաստ է քննարկելու AMD ընկերության զարգացման տեսլականը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտայի և Ջեյշռի Ռանգառաժանի հետ հանդիպմանը կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու ընկերության զարգացման տեսլականը և անդրադառնալու այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։

Ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019-ին, 2022 թվականի փետրվարին միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերությանը։ Վերջինս մասնագիտացած է տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար նորարարական և ինժեներական լուծումների մշակման աշխատանքներում:

Փոխվարչապետ Մաթևոսյանը, կարևորելով «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, հայաստանյան գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է ինչպես խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, այնպես էլ ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին:

Ընկերության փոխնախագահները ներկայացրել են Ընկերության կողմից առ այսօր կատարված աշխատանքները, դրա զարգացման հեռանկարները և ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Փոխնախագահներն ընդգծել են, որ իրենց Ընկերության համար անհրաժեշտ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ու կանեն առավելագույնը նրանց բացահայտելու, հավելյալ կրթելու և Ընկերության կազմում ներգրավելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետական հատվածի թվային օրակարգի շրջանակում հնարավոր համագործակցության և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները և, հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականից որակյալ մասնագետների պատրաստման նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։ ‌

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---